Վայ։ Ինչ-որ բան սխալ է

Մենք չկարողացանք ուղարկել ձեր հաղորդագրությունը: Խնդրում ենք ստուգել մուտքագրված տվյալները և կրկին փորձել: Եթե խնդիրը մնում է, կապնվեք մեզ հեռախոսով կամ էլ.փոստով.

Մարդիկ, որոնք ձևավորում են «ՌՈՔ Կապիտալ»-ը

Սկսում ենք հարցազրույցների նոր շարք, որի շրջանակում կծանոթանանք «ՌՈՔ Կապիտալ»-ի թիմի անդամներին՝ բացահայտելով նրանց մասնագիտական ուղին, աշխատանքի առանձնահատկություններն ու ընկերության զարգացման գործում ունեցած ներդրումը։ Շարքը սկսում ենք ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արաքսյա Հարությունյանի հետ զրույցով։ Նա ընկերությունում աշխատում է շուրջ 20 տարի՝ անցնելով մասնագիտական տարբեր փուլերով և այսօր ներգրավված է կառավարման գործընթացներում։

Black and white image of a woman in a studio, "MEET THE ROOFERS" on the wall.

- Արաքսյա, Դուք ընկերությունում աշխատում եք շուրջ 20 տարի։ Ի՞նչ հիմնական փոփոխություններ եք նկատել Հայաստանի ֆինանսական շուկայում և ընկերության գործունեության մեջ այս ընթացքում։

Այս տարիների ընթացքում Հայաստանի ֆինանսական շուկան զգալիորեն փոխվել է, և դրան համընթաց վերափոխվել ու զարգացել է նաև «ՌՈՔ Կապիտալ»-ը։ Փոխվել են հաճախորդների սպասումները, ծառայությունների մատուցման ձևերը, շուկայի արագությունն ու մրցակցային միջավայրը։ Երբ նոր էի սկսել մասագիտական ուղիս, գործընթացները շատ ավելի ավանդական էին, իսկ այսօր արդեն դժվար է պատկերացնել մեր աշխատանքն առանց առաջադեմ տեխնոլոգիաների ու թվայնացման։

Հիշում եմ՝ տարիներ առաջ բորսայում գործարք իրականացնելու համար անհրաժեշտ էր անձամբ բանկ գնալ, թղթային հայտ ներկայացնել, փաստաթղթերը փոխանցել Կենտրոնական դեպոզիտարիա և անցնել մի շարք ընթացակարգեր։ Այսօր թվայնացման շնորհիվ այդ ամենը հնարավոր է իրականացնել շատ ավելի արագ ու պարզ։

Զգալիորեն ընդլայնվել են նաև ներդրողների հնարավորությունները։ Նախկինում հայ ներդրողների ընտրությունը հիմնականում սահմանափակվում էր տեղական արժեթղթերով, մինչդեռ այսօր նրանց հասանելի են միջազգային շուկաներն ու ներդրումային գործիքների շատ ավելի լայն շրջանակը։

Մյուս կողմից՝ ժամանակին բավական բարդ էր օտարերկրյա ներդրողներին հայկական շուկա ներգրավելը։ Պետք էր ներկայացնել մեր փոքր շուկայի հնարավորությունները, բացատրել դրա առանձնահատկություններն ու հետաքրքրություն առաջացնել Հայաստանի նկատմամբ։ Այստեղ կարևոր դեր ունեին նաև մեր նման ներդրումային ընկերությունները, որոնք ոչ միայն ծառայություններ էին մատուցում, այլև օգնում էին հայկական շուկան ավելի ճանաչելի դարձնել միջազգային ներդրողների համար։

Այսօր վստահ կարող եմ ասել, որ «ՌՈՔ Կապիտալ»-ը ոչ միայն զարգացել է շուկային համընթաց, այլև իր նորարարական նախաձեռնություններով նպաստել ընդհանուր շուկայի առաջընթացին։ Մեզ համար դա և՛ ձեռքբերում է, և՛ մեծ պատասխանատվություն՝ շարունակելու զարգացնել ոլորտն ու նոր հնարավորություններ ստեղծել մեր հաճախորդների, գործընկերների համար։


- Այս տարի ընկերությունը հանդես եկավ նոր՝ «ՌՈՔ Կապիտալ» ապրանքանիշով։ Ի՞նչ նշանակություն ունի այս փոփոխությունը ընկերության համար, և ի՞նչ նոր հնարավորություններ է այն ստեղծում։

«ՌՈՔ Կապիտալ» նոր բրենդը, որը պաշտոնապես ներկայացվեց ապրիլին, մեր զարգացման բնական շարունակությունն է։
Իհարկե, մեր ընկերության երկարամյա պատմությունը, փորձն ու բազմաթիվ ձեռքբերումները կապված են «Արմբրոկ» անվան հետ, սակայն տարիների ընթացքում ընկերությունն աճել է, ընդլայնել իր ծառայություններն ու զարգացման նպատակները, և, բնականաբար, հասունացել էր պահը, երբ անհրաժեշտ էր նորովի ներկայացնել մեր հնարավորություններն ու ապագայի տեսլականը։

Կարծում եմ՝ երբեմն անունը պետք է հասցնի ընկերության զարգացման տեմպերին, ոչ թե ընկերությունը շարունակի տեղավորվել անվան շրջանակներում։

Եվ այս համատեքստում նոր՝ «ՌՈՔ Կապիտալ» բրենդը մեզ հնարավորություն է տալիս ավելի հստակ ներկայացնելու մեր ներդրումային ծառայությունները, զարգացնելու նոր ուղղություններ և հասանելի դառնալու ներդրողների ավելի լայն շրջանակի։
Ցանկանում եմ ընդգծել, որ ընկերության անվան փոփոխությունն այս գործընթացի միայն փոքր մասն է։ Դրա հետևում մեծ աշխատանք է՝ նոր ծառայություններ, զարգացող թիմ ու կորպորատիվ մշակույթ։ Եվ այս ամենում մեզ համար կարևոր է պահպանել այն արժեքներն ու հաճախորդների վստահությունը, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում։

A smiling woman with glasses and dark hair sits in a white armchair.

- Ֆինանսական շուկայում մեծացել է տեխնոլոգիական լուծումների և թվային գործիքների դերը։ Ինչպե՞ս է «ՌՈՔ Կապիտալը» համադրում տարիների մասնագիտական փորձը նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների հետ։

Կարծում եմ՝ մասնագիտական փորձն ու նորարարական տեխնոլոգիաները ճիշտ համադրելու դեպքում միայն ուժեղացնում են մեկը մյուսին: Ֆինանսական ոլորտում, սակայն, նորարարությունը միայն նոր համակարգերի ներդրումը չէ․ նույնքան կարևոր են տեղեկատվական անվտանգությունը, ռիսկերի կառավարումն ու ներքին վերահսկողությունը։

Այսօր մենք աշխատում ենք գործընթացների ավտոմատացման և գործառույթների արդիականացման ուղղությամբ։ Մեզ համար կարևոր է, որ տեխնոլոգիաները ոչ միայն բարձրացնեն աշխատանքի արդյունավետությունը, այլև ներդրումային ծառայությունները դարձնեն ավելի պարզ ու հարմար հաճախորդների համար։

Այդ զարգացման կարևոր քայլերից է ROQ Markets ներդրումային հավելվածի ներկայացումը։ Այսօր հաճախորդն ակնկալում է, որ ներդրումային ծառայությունները հասանելի կլինեն արագ և հարմար ձևով՝ առանց ավելորդ թղթաբանության կամ յուրաքանչյուր հարցով գրասենյակ այցելելու անհրաժեշտության։ Հավելվածի միջոցով հնարավոր է առցանց հաշիվ բացել, հետևել ներդրումային պորտֆելին, գործարքներ իրականացնել և ծանոթանալ հաշվետվություններին։

Առանձնահատուկ նշանակություն ունի նաև հավելվածում արհեստական բանականության հնարավորություններով թվային օգնականի ներդրումը։ Մեր նպատակը պարզապես ստանդարտ հարցերին ավտոմատ պատասխաններ տրամադրելը չէ։ Թվային օգնականը կարող է պատասխանել հաճախորդների հարցերին, օգնել կողմնորոշվել շուկայի միտումներում, տրամադրել վերլուծական տեղեկատվություն և աջակցել գործարքների պատվերների ձևավորմանը։ Միևնույն ժամանակ կարևոր է ընդգծել, որ այն չի փոխարինում անհատական ներդրումային խորհրդատվությանը։

Մասնագիտական փորձը մեզ համար կարևոր առավելություն է, քանի որ օգնում է ճիշտ գնահատել նորարարությունները և որոշել դրանց ներդրման նպատակահարմարությունը։ Ի վերջո, տեխնոլոգիաների իրական արժեքն այն է, թե որքանով են դրանք հեշտացնում մեր աշխատանքը, նվազեցնում ռիսկերը և բարելավում հաճախորդների փորձառությունը։
Համոզված եմ, որ թվային լուծումները նոր հնարավորություններ կստեղծեն ֆինանսական ծառայությունների զարգացման համար։ Առողջ մրցակցությունն էլ նպաստում է ոլորտի առաջընթացին՝ հաճախորդներին հնարավորություն տալով օգտվելու ավելի որակյալ, արագ և հարմար ծառայություններից։


- Ձեր փորձից ելնելով՝ ո՞րն է ամենակարևորը հաճախորդների վստահությունը ձեռք բերելու և երկար տարիներ պահպանելու համար։

Ֆինանսական ոլորտում վստահությունը մեկ օրում չի ձևավորվում։ Այն երկար տարիների պատասխանատու աշխատանքի, խոստումները կատարելու և մասնագիտական հմտությունների արդյունք է։
Ընկերության ավելի քան 30 տարվա գործունեության ընթացքում հաճախորդների վստահությունը ձևավորվել և ամրապնդվել է հետևողական աշխատանքի շնորհիվ։

Վստահությունը հատկապես կարևոր է այն իրավիճակներում, երբ ինչ-որ բան չի ընթանում ըստ նախատեսվածի։ Այդ ժամանակ է երևում, թե որքանով ես պատրաստ ստանձնելու պատասխանատվություն և հավատարիմ մնալու սկզբունքներիդ։
Տարիների ընթացքում ձեռք բերված վստահությունը կարելի է կորցնել մեկ անպատասխանատու քայլով։ Այդ պատճառով կարևոր են հետևողականությունը, ձեռք բերված արժեքների պահպանումը և հաճախորդների հետ ազնիվ հաղորդակցությունը։
Հաճախորդին պետք է ներկայացնել ոչ միայն այն, ինչ նա ցանկանում է լսել, այլև այն, ինչ անհրաժեշտ է իմանալ՝ նույնիսկ եթե դա միշտ չէ, որ հաճելի է։

Woman with short hair sitting in an armchair, looking right, with a small table nearby.

- Դուք ընկերությունում սկսել եք աշխատել որպես տնտեսագետ-վերլուծաբան, իսկ այսօր գլխավոր տնօրենի տեղակալ եք։ Ինչպե՞ս է տարբեր պաշտոններում ձեռք բերած փորձն օգնում Ձեզ ներկայիս ղեկավար պաշտոնում։

Այս տարիների ընթացքում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ՝ աստիճանաբար ընդլայնելով պատասխանատվությանս շրջանակը։ Դա ինձ հնարավորություն է տվել ընկերության աշխատանքին ծանոթանալ տարբեր կողմերից՝ ավելի լավ հասկանալով ինչպես առանձին գործընթացները, այնպես էլ դրանց փոխկապակցվածությունը։

Կարծում եմ՝ ղեկավարի համար կարևոր է ոչ միայն հասկանալ, թե ինչ արդյունքի պետք է հասնել, այլև պատկերացնել, թե ինչպես են ամենօրյա որոշումներն ու մարդկանց աշխատանքը նպաստում այդ արդյունքին։ Տարիների ընթացքում ձեռք բերած փորձն այսօր օգնում է ավելի լավ գնահատել հնարավոր ռիսկերն ու որոշումների երկարաժամկետ հետևանքները։

Միևնույն ժամանակ երկար տարիներ նույն միջավայրում աշխատելն ունի նաև իր մարտահրավերները։ Պետք է զգույշ լինել, որպեսզի սեփական փորձն ու ձևավորված սովորությունները չվերածվեն նոր մոտեցումների նկատմամբ իներցիոն դիմադրության։ Ի վերջո, փորձը պետք է օգնի զարգանալ, ոչ թե կառչել արդեն ծանոթ ու սովորական դարձած լուծումներից։


- «ՌՈՔ Կապիտալ»-ում աշխատում են տարբեր սերունդների մասնագետներ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է օգնում աշխատակիցներին երկար տարիներ մնալ ընկերությունում և շարունակել զարգանալ։

Նախ, կարևոր է, որ մասնագետը տեսնի իր մասնագիտական աճի հնարավորություններն ու հեռանկարը, զգա իր աշխատանքի նշանակությունը և արժանանա համապատասխան գնահատանքի։ Իհարկե, մեծ դեր ունեն նաև ընկերության հանդեպ վստահությունը, աշխատանքային հարաբերություններն ու կորպորատիվ մշակույթը։

Ի դեպ, մեր ընկերությունում մի հետաքրքիր երևույթ կա․ երբեմն մարդիկ կարիերայի տարբեր փուլերում, տարբեր պատճառներով հեռանում են, բայց որոշ ժամանակ անց վերադառնում կամ վերադառնալու ցանկություն են հայտնում։ Վերադառնում են նոր փորձով, վերարժևորած մոտեցումներով և, ինչու չէ, նաև կարոտած այն միջավայրը, որն ինչ-որ ժամանակ իրենց ամբողջությամբ չէր բավարարում։

Կարծում եմ՝ սա շատ բան է ասում ընկերության արժեքների մասին։ Երբեմն այլ միջավայրում աշխատելը հնարավորություն է տալիս նորովի գնահատելու այն, ինչ ունեիր, միաժամանակ ավելի հստակ տեսնելու նաև այն, ինչը դեռ կարելի է բարելավել։
Մյուս կարևոր գործոնը փորձի փոխանցումն է։ Տարիների ընթացքում կուտակած գիտելիքները, այդ թվում՝ սեփական սխալներից քաղած դասերը, երիտասարդ գործընկերներին փոխանցելը շատ կարևոր է։ Այդպես տարբեր սերունդների մասնագետները ոչ միայն սովորում են միմյանցից, այլև միասին նպաստում ընկերության զարգացմանը։

A woman in a white shirt sits in an armchair, illuminated by a studio light.

- Եթե հնարավորություն ունենայիք վերադառնալու կարիերայի սկզբին, ի՞նչ խորհուրդ կտայիք ինքներդ Ձեզ։

Խորհուրդ կտայի ինքս ինձ լինել ավելի համարձակ և հավակնոտ։


- Ինչպե՞ս կբնութագրեք «ՌՈՔ Կապիտալ»-ը երեք բառով։

Թիմ, հեղինակություն, զարգացման հեռանկար։
 
A woman with short dark hair sits thoughtfully in an armchair.

Վերջին գրառումները

Ներդրումային շուկաների ամսական վերլուծություն․ Ֆիսկալ գերակայության աստիճանական դրսևորումը

Սեպտեմբերին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (Fed), Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) և Ճապոնիայի բանկը ութ օրվա ընթացքում բարձրացրին տոկոսադրույքները։ Տեսականորեն, խստացվող դրամավարկային քաղաքականո...

Վերլուծություններ

ՌՈՔ Կապիտալը գործարկել է արհեստական բանականության ամբողջական ինտեգրմամբ ROQ Markets ներդրումային հավելվածը

«ՌՈՔ Կապիտալ»-ը պաշտոնապես գործարկել է իր նոր թվային պրոդուկտը՝ ROQ Markets ներդրումային հավելվածը, որը մեկ հարթակում միավորում է արհեստական բանականության հնարավորությունները, միջազգային ֆինանսական շո...

Ընկերության լուրեր

Արմբրոկը երկու ժամանակակից լսարան բացեց Հայ-Ռուսական Համալսարանում

Ընկերության լուրեր