Արմբրոկը համոզված է, որ կրթության և գիտելիքի զարգացմանն ուղղվող ներդրումները նույնքան կարևոր են, որքան ֆինանսական շուկաների ամրապնդումը։ Սեպտեմբերի 15-ին՝ Հայ-Ռուսական Համալսարանի օրվա շրջանակներում մենք հանդիսավոր կերպով բացեցինք համալսարանում ժամանակակից ուսուցման տեխնոլոգիաներով հագեցած երկու նոր լսարան։
Այս նախաձեռնությամբ Արմբրոկը նպաստում է տնտեսագիտական կրթության հետագա կատարելագործմանը և Հայաստանում բարձրակարգ մասնագետների պատրաստմանը։ Լսարանները կրելու են Արմբրոկի անունը, ծառայելով որպես կրթական հարթակ տնտեսագիտության և ֆինանսների տարբեր դասընթացների համար։
ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը իր ելույթում նշեց․ «Առաջատար ընկերությունների մասնակցությունը համալսարանական ենթակառուցվածքների ձևավորմանը կարևոր ու դրական երևույթ է։ Արմբրոկի նախաձեռնությունը ստեղծում է ուսանողների համար ավելի բարենպաստ կրթական միջավայր, ինչն ուղղակիորեն բարձրացնում է կրթության որակը»։
Իսկ ՀՌՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը հավելեց․«Արմբրոկը ներդրում է կատարում մարդկային կապիտալի զարգացման գործում։ Մենք վստահ ենք, որ սա սկիզբն է և առաջիկայում կունենանք նոր համագործակցություններ»։
Արմբրոկի թիմը վստահ է, որ կրթական ծրագրերին աջակցելով՝ ներդրում ենք կատարում ոչ միայն ուսանողների ապագայում, այլև Հայաստանի տնտեսական աճի և զարգացման հեռանկարում։











