Վայ։ Ինչ-որ բան սխալ է

Մենք չկարողացանք ուղարկել ձեր հաղորդագրությունը: Խնդրում ենք ստուգել մուտքագրված տվյալները և կրկին փորձել: Եթե խնդիրը մնում է, կապնվեք մեզ հեռախոսով կամ էլ.փոստով.

Power of Doubles-ը կինոյում․ 5 ֆիլմ գործընկերության ուժի մասին՝ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի ընտրությամբ

Այս իրարից տարբեր ժանրերի ու ոճի ֆիլմերը միավորում է մեկ թեմա՝ ինչպես են գործընկերային հարաբերությունները, վստահությունը, առաջնորդությունը և համարձակ որոշումները ձևավորում կարիերան, մասնագիտական աճն ու մեծ ձեռքբերումները։ Եթե աշխատանքային միջավայրի մասին խոսում ենք ոչ թե բիզնես-գրքերի, կարճ ու սեղմ հոլովակ-խորհուրդների, այլ մտածելու տեղ թողող կինոյի լեզվով, այս հինգ զանազան ու դիտարժան ֆիլմերը լավագույն օրինակներից են։

Julie & Julia (ռեժ. Նորա Էֆրոն, գլխավոր դերերում՝ Մերիլ Սթրիփ և Էմի Ադամս)

3ed54bc1-9d7c-4d7b-aa55-18de46e1448d.png

Հոլիվուդի կոլեգաների ու սինեֆիլների տարբեր սերունդների սիրելի Նորա Էֆրոնի լավագույն ֆիլմերից մեկը՝ Julie & Julia-ն միայն խոհարարության ու մասնագիտական նվաճումների մասին չէ. այն բացառիկ պատմություն է, թե ինչպես է մասնագիտական աճը սկսվում ոչ թե զուտ գաղափարից ու ոգեշնչումից, այլ բլոգ վարելու (կարդա՝ աշխատելու) կարգապահությունից։ Ջուլին (Էմի Ադամս) ավելի ուժեղ է դառնում ոչ այն պատճառով, որ հանկարծ գտնում է իր կոչումը, այլ որովհետև ամեն օր կատարում է ինքն իրեն տված փոքրիկ խոստումը։ Գործընկերությունն այստեղ դրսևորվում է ոչ միայն ամուսնու և հետևորդների հետ հարաբերություններում, այլև երկու տարբեր ժամանակներում ապրած կանանց միջև ձևավորված անտեսանելի երկխոսության մեջ. Ջուլիա Չայլդը (էկրանին Մերիլ Սթրիփ) դառնում է Ջուլիի ուսուցիչը՝ նույնիսկ այդ մասին չիմանալով։ Ռեժիսոր և սցենարիստ, 90-ականների ռոմանտիկ կոմեդիաներում կանացի դերերը պարզապես ֆունկցիոնալից ինքնուրույն և ինքնավար դարձած Նորա Էֆրոնը ցույց է տալիս, որ կարիերան կառուցվում է հետևողականության՝ ոչ թե բարձրաձայն հավակնությունների վրա։ Իսկ ամենամեծ ձեռքբերումները հաճախ սկսվում են հարյուրավոր աննկատ քայլերից, որոնք աստիճանաբար ձևավորում են նոր մասնագիտական ինքնություն։



Ford v Ferrari (ռեժ. Ջեյմս Մենգոլդ, գլխավոր դերերում՝ Մեթ Դեյմոն և Քրիստիան Բեյլ)

9eb0f4bb-96ec-4e87-b90a-8edc733fb1be.png

Ford v Ferrari-ն հիշեցնում է, որ ամենանշանակալի արդյունքները գրեթե երբեք մեկ մարդու ձեռքերում չեն, իսկ իրական նորարարությունը ծնվում է այնտեղ, որտեղ հանդիպում են տարբեր բնավորություններ, փորձառություններ և մտածողության ձևեր։ Ինժեներ Քերոլ Շելբիի և ավտոարշավորդ Քեն Մայլսի միջև ձևավորվում է բացառիկ մասնագիտական գործընկերություն, որը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա՝ նույնիսկ մշտական տարաձայնությունների պայմաններում։ Բացի էկրանային դուոյի սրընթաց ու դրամատիկ հարաբերություններից՝ ոգեշնչում է նաև դերասան Քրիստիան Բեյլի մոտեցումն իր էկրանային «ես»-ին. նիհարել 30կգ-ով, հատուկ դասեր վերցնել նախկին մրցարշավորդ Բոբ Բոնդյուրանի ավտոդպրոցում, շաբաթներով պարապել մեկ այլ մասնագետ՝ Ռոբերտ Նեգլի հետ, բարդ սպորտային հնարքներն ու վտանգավոր վարելու տեսարաններն ինքնուրույն իրագործելու համար:
Միաժամանակ ֆիլմը ցույց է տալիս, որ ամենամեծ խոչընդոտը հաճախ ոչ թե տեխնոլոգիան է, այլ կորպորատիվ միջավայրը, որտեղ ղեկավարների ամբիցիաներն ու քաղաքականությունը խանգարում են տաղանդին։ Ջեյմս Մենգոլդը փաստում է, որ ընկերության զարգացումը կախված է նրանից, թե արդյոք մենք պատրաստ ենք վստահել մեր կյանքի գործը թիմին, այլ մասնագետներին, մյուս օղակներին։ Եվ որ երբեմն լավագույն ղեկավարումը վերահսկողությունը թուլացնելն է։



Fire of Love (ռեժ. Սառա Դոսա, հիմնված Կատյա և Մորիս Կրաֆտների արխիվի վրա)

a7a78e2a-9951-44b5-bd3a-bc243d2d6f32.png

«Օսկար» մրցանակի առաջադրված Fire of Love-ն առաջին հայացքից հրաբուխների մասին վավերագրական ֆիլմ է, ստացված ապշեցուցիչ ու բազմատեսակ արխիվային նյութերից, սակայն իրականում այն պատմություն է գործընկերության հազվագյուտ ձևաչափի մասին, որտեղ սերն ու մասնագիտությունը դառնում են մեկ ամբողջություն։ Ֆիլմի ստեղծողները ձեռքի տակ ունեին 200 ժամ 16մմ ժապավենի վրա, 50 ժամ հեռուստաեթերների արխիվ և հազարավոր արխիվային լուսանկարներ, որոնք հմուտ և ճիշտ մոտեցման շնորհիվ վերածվեցին ամբողջական կինոյի: Ֆրանսիացի հրաբխագետներ Կատյա և Մորիս Կրաֆտները ստեղծում են ոչ միայն ընտանիք, այլև համատեղ գիտական կյանք, որտեղ անձնական հարաբերությունները խորացնում են միմյանց մասնագիտական հետաքրքրությունը։ Նրանց ձեռքբերումներն անհնար կլինեին առանց գաղափարների մշտական փոխանակման, վստահության և ընդհանուր նպատակի։ Ռեժիսոր և սցենարիստ Սառա Դոսան ցույց է տալիս գործընկերություն, որտեղ մրցակցություն գրեթե չկա. երկու մարդիկ ավելի ուժեղ են դառնում հենց միասին լինելու և կողք կողքի աշխատելու շնորհիվ։ Այս պատմությունը հիշեցնում է, որ կարիերան միշտ չէ, որ կառուցվում է մրցակցության վրա. երբեմն այն աճում է ընդհանուր արժեքների և առաքելությունը կիսելու շնորհիվ։ Այդ պատճառով էլ նրանց թողած ժառանգությունն անհամեմատ մեծ է, քան երկու առանձին կենսագրությունների գումարը։



Pollock (ռեժ. Էդ Հարիս, գլխավոր դերերում՝ Էդ Հարիս, Մարշա Գեյ Հարդեն)

46db3cda-0ddb-487c-bfda-ff20879a866f.png

Էդ Հարիսի Pollock-ը ուսումնասիրում է ստեղծագործական հաջողության գինը և հիշեցնում, որ տաղանդն ինքնին դեռ կայուն կարիերայի երաշխիք չէ։ Դերասան-ռեժիսորական կենսագրականում նկարիչ Ջեքսոն Փոլոքը մշտապես տարուբերվում է ստեղծագործական ազատության և այն մասնագիտական միջավայրի պահանջների միջև, որտեղ կարևոր են հարաբերությունները պատկերասրահների, արվեստաբանների և ամենամոտ մարդկանց հետ։ Հատուկ տեղ ունի նկարչուհի Լի Կրասների կերպարը, որը դառնում է ոչ միայն նրա կյանքի ընկերը, այլև ուղղորդող արտ-մենեջերը, ծանոթացնում Նյու Յորքի կարևորագույն արվեստագետների, քննադատների ու կուրատորների հետ, լինելով ինքուրույն արտիստ ու մտավորական՝ դառնում կողքին կանգնած աջակցող և հաճախ՝ սեփական հավակնություններից հրաժարվող գործընկեր։ 
Ֆիլմը ցույց է տալիս, որ մասնագիտական աճը կախված է ոչ միայն կարողություններից, այլև հուզական հասունությունից։ Երբ ներքին ճգնաժամերը սկսում են ղեկավարել մարդուն, դրանք աստիճանաբար քայքայում են նաև նրա մասնագիտական հաջողությունները։ Իրական հաջողությունն անհնար է առանց աշխատանքի, հարաբերությունների և սեփական ներաշխարհի միջև հավասարակշռություն գտնելու։



Moneyball (ռեժ. Բենեթ Միլեր, գլխավոր դերերում՝ Բրեդ Փիթ և Ջոնա Հիլ)

66d8d095-277a-420e-92b0-0c6c4ac7aefc.png

Moneyball-ը, թեև տպավորիչ աստղային կազմի, սպորտի մասին ամենահայտնի պատմությունը չէ, սակայն այն ցույց է տալիս, թե ինչպես է թիմի և մասնագետի զարգացումը սկսվում ընդունված կանոններից հրաժարվելու պատրաստակամությունից։ Բեյսբոլային ակումբի ղեկավար Բիլի Բինը, (որին մարմնավորում է Փիթը), չունի ամենամեծ բյուջեն, թիմը, աջակցությունը, ուստի մրցակցային առավելություն է փնտրում ոչ թե ֆինանսների, այլ մտածողության մեջ։ Նրա գործընկերությունը երիտասարդ վերլուծաբանի (Ջոնա Հիլ) հետ դառնում է ցուցադրական օրինակ, թե ինչպես կարող են տարբեր սերունդներն ու տարբեր մոտեցումները փոխել ամբողջ ոլորտը, համախմբվել հանուն մեկ գաղափարի, առաջ շարժել թիմն ու ոլորտը՝ զարգացնելով, ոգեշնչելով ու մոտիվացնելով բոլորին: Բրեդ Փիթի համար նախագիծը դարձավ հոլիվուդյան և միջազգային կինոաստղից մեյնսթրիմային և ոչ այդքան կինոյում հարգանքի արժանի պրոդյուսերի կոչում վաստակող մասնագետի ճանապարհի կարևոր օղակ,  իսկ ռեժիսոր Բենեթ Միլերի մոտեցման ու սցենարիստներ Սթիվեն Զայլյանի ու Ահարոն Սորքինի շնորհիվ ցույց տվեց, որ ցանկացած կազմակերպությունում նոր գաղափարներն անխուսափելիորեն բախվում են հին համակարգի դիմադրությանը։ Ղեկավարի կարիերան ձևավորվում է ոչ միայն ճիշտ որոշումներ ընդունելու, այլև դրանք պաշտպանելու կարողությամբ, երբ շրջապատում գրեթե ոչ ոք չի հավատում դրանց։ 

Վերջին գրառումները

Արմբրոկը դարձավ՝ Fitch գործակալության վարկանիշը ստացած Հայաստանում առաջին ներդրումային ընկերությունը

Վերլուծություններ

Արմբրոկի աջակցությամբ կառուցվող «Վիշապագորգ» խաղահրապարակի հիմքում տեղադրվեց ժամանակի պատիճ

Հանրապետության հրապարակին հարակից Խաչքարների պուրակում կառուցվող միջազգային չափանիշներին համապատասխան «Վիշապագորգ. կենաց ծառի հիշողությունը» անվճար ներառական խաղահրապարակի տարածքում տեղի ունեցավ խորհր...

Ընկերության լուրեր

ՌՈՔ Կապիտալը՝ Newmag Summer Fest 2026-ի գլխավոր հովանավոր. ներկայացվեց Անդրե Աղասիի «Անկեղծորեն» հուշագրության հայերեն հրատարակությունը

Ընկերության լուրեր